«ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ» - «ՀԱՅԾԽԱԽՈՏԱՐԴ» - «ԵՐԵՎԱՆԻ ԾԽԱԽՈՏԻ ԿՈՄԲԻՆԱՏ»
Հայաստանում ծխախոտի մշակությամբ զբաղվել են XIX դ. սկզբից, սակայն ծխախոտագործությունը արագ տեմպերով սկսել է զարգանալ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատվելուց հետո։ 1924 թ. հիմնադրվեց Երևանի ծխախոտի կոմբինատը՝ Հայկոոպ սպառողական ընկերության հիմքի վրա։
Մինչև 1948թ․ Երևանի ծխախոտի կոմբինատը արտադրում էր միայն գլանակ և ծխախոտ։ 1948 թ․ մեկնարկեց ֆիլտրով և առանց ֆիլտրի սիգարետների արտադրությունը, իսկ 1960-ականների կեսերից ԽՍՀՄ-ում առաջին անգամ կազմակերպվեց ացետատային ֆիլտրերի արտադրություն Երևանի ծխախոտի կոմբինատում։
1977 թ․ Երևանի ծխախոտի ֆաբրիկան վերակազմավորվեց և վերանվանվեց «ՀԱՅԾԽԱԽՈՏԱՐԴ»՝ Հայաստանի ծխախոտի արտադրական միավորում։ Այդ ժամանակ «ՀԱՅԾԽԱԽՈՏԱՐԴ»-ը հանդիսանում էր ԽՍՀՄ ծխախոտային արդյունաբերության խոշորագույն միավորներից մեկը՝ արտադրելով ԽՍՀՄ թողարկվող ացետատային ֆիլտրերի 90 %, գլանակների ու սիգարետների 10–12 %, ֆերմենտացված ծխախոտի 8,5 %։
1978 թ․ «ՀԱՅԾԽԱԽՈՏԱՐԴ»-ն արտադրում էր «Ախթամար», «Արին-բերդ», «Սալյուտ», «Սևան» «ՀԾ», «Հրազդան», «Մասիս», «Ավրորա», «Հայաստան» և այլ տեսակի 10,4 մլրդ հատ սիգարետ ու գլանակ, որոնք հաջողությամբ էին ներկայանում միութենական և միջազգային ցուցահանդեսներում ու տոնավաճառնեում /ՍՍՀՄ ԺՏՆՑ, Լայպցիգ, Դամասկոս, Ջակարտա, Թեհրան, Մոնրեալ, Լոնդոն, Տոկիո և այլն/։
Սիգարետների այս շքերթի առաջատարը լեգենդար «Ախթամարն» էր։ Այն աչքի էր ընկնում փափուկ համով և մրգային բույրով ու հայկական կոնյակի հետ միասին, բացում շատ ու շատ փակ դռներ: Ախթամարը բազմիցս արժանացել է մեդալների միջազգային ցուցահանդեսներում և տոնավաճառներում:
1974 թ. էր, երբ Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի նորավարտ ինժեներ-տեխնոլոգ Հրանտ Վարդանյանը գործուղվեց Երևանի ծխախոտի կոմբինատ։ Աշխատելով երկար տարիներ՝ այստեղ նա ձեռք բերեց անգնահատելի գիտելիքներ և փորձ, որն էլ հետագայում մեծ հաջողությամբ ներդրեց հայկական ծխախոտի արդյունաբերության վերականգնման գործում:
Խորհրդային միության անկումից և երաշխավորված շուկայի վերացումից հետո, 90-ականներին, հայկական ծխախոտագործությունը հայտնվեց ոչնչացման եզրին:
Արտասահմանյան ընկերությունների և մաքսանենգ սիգարետների ի հայտ գալը նվազեցրեց շուկայում հայկական սիգարետների բաժնեմասը մինչև 5-6 %:
1995 թ. տեղի ունեցավ «ՀԱՅԾԽԱԽՈՏ»-ի սեփականաշնորհում, որի հիման վրա՝ 1997 թ. Հրանտ Վարդանյանի կողմից հիմնադրվեց «Գրանդ Տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկությունը, և սկսվեց հայկական ծխախոտի արտադրության վերածնունդը: «Գրանդ Տոբակո»-ի արագ աճը և ընդլայնումը շարժիչ և խթանող ուժ դարձավ Հայաստանում բազմաթիվ արդյունաբերական արտադրությունների զարգացման համար:
Սկսած 2000 թ.՝ Հրանտ Վարդանյանի կողմից հիմնադրված «Մասիս Տոբակո» ընկերությունը մինչ օրս Հայաստանում հաջողությամբ զբաղվում է ծխախոտի աճեցմամբ՝ մատակարարման պայմանագրեր կնքելով ավելի, քան 500 ֆերմերային տնտեսությունների հետ՝ վերջիններիս ապահովելով բոլոր անհրաժեշտ տեխնիկական միջոցներով: Մթերված կանաչ հումքը անցնում է չորացման խցերով, այնուհետև վերամշակվում ջղազրկման արտադրամասում և դառնալով բարձրորակ հումք՝ այն բացառապես օգտագործվում է «Գրանդ Հոլդինգ» ընկերությունների կողմից:
Այսօր հոր կիսատ թողած գործը վստահ և կայուն քայլերով շարունակում են որդիները՝ Միքայել ու Կարեն Վարդանյանները։ Ընտանիքի 50-ամյա ջանքերի և քրտնաջան աշխատանքի շնորհիվ՝ «Գրանդ Տոբակո»-ն, «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» և «Մասիս Տոբակո» ընկերությունների հետ միասին, դարձել է ծխախոտագործության առաջատարը տարածաշրջանում և հայկական տնտեսության հիմնաքարը:
Ծխախոտի վնասը նվազեցնելու մեր առաքելությունը շարունակում է մնալ մեր գործունեության կենտրոնում, որի լուծումը մենք գտնում ենք նորարարական ֆիլտրերի օգնությամբ:
«Գրանդ Տոբակո»-ն առաջարկում է ֆիլտրերի լայն տեսականի, և մեր բազմամյա փորձառության շնորհիվ մենք սպառողներին ենք ներկայացնում 20 տեսակի ամենատարբեր ֆիլտրեր, որոնք ծխողներին տալիս են լայն ընտրության հնարավորություն:
2010 թ.-ից «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունը սկսել է սիգարների արտադրություն: Այսօր ընկերությունը առաջարկում է ձեռքով փաթաթված պրեմիում դասի սիգարներ՝ տարբեր գնային սեգմենտներում, զանազան չափերի և համերի:
2016 թ.-ից «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունում մեկնարկվել է նարգիլեի արտադրությունը: «Alkasar» և «Dark Line Diamant» պորտֆոլիոյում հաշվվում է ավելի, քան 43 տեսականի: Նարգիլեի համար նախատեսված մեր ծխախոտահումքը պատրաստված է գերմանական և ֆրանսիական ծագման լավագույն ծխախոտի տերևներից և հագեցված է բնական և հյութալի եվրոպական բույրերով:
Վերջին 15 տարիների ընթացքում արտահանման ծավալները շարունակական աճում են, և մի քանի ապրանքանիշեր առավել լայն ճանաչում են վայելում օտարերկրյա ծխողների շրջանում:
Այսօր «Գրանդ Տոբակո»-ն հպարտորեն պահպանում է «ՀԱՅԾԽԱԽՈՏԱՐԴ»-ի արժանի ժառանգորդի իր համբավը և նույնիսկ մի քանի անգամ գերազանցում նրան իր արտադրական հզորություններով՝ հասնելով 70 մլրդ. սիգարետի հատիկի:
2024 թ. «Գրանդ Հոլդինգը» նշում է հայկական ծխախոտագործության 100 ամյակը, հավատարիմ մնալով իր կարգախոսին՝
ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ, ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՐԱԿ